30 հունվարի 2004 - 18:10 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՀՀ Սահմանադրական դատարանի 2003 թվականի ապրիլին արված առաջարկությունը` հանրապետության նախագահին վստահության հանրաքվեի անցկացման վերաբերյալ, «ոչ թե իմպերատիվ, այլ դիսպոզիտիվ բնույթի է, այսինքն` պարտադիր ու անմիջական իրավական հետեւանքներ չի առաջացնում»: Այդ մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցմանը տրված ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի պատասխանում` ՍԴ վերոհիշյալ որոշման կապակցությամբ տարաբնույթ մեկնաբանությունների շուրջ պարզաբանում ստանալու համար: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, պատասխանի մեջ նաեւ նշված է, որ ՍԴ առաջարկությունն ամենեւին չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ նախագահի ընտրության օրինականության խնդրի առաջքաշում, որովհետեւ Սահմանադրական դատարանը միանշանակ իր որոշմամբ ուժի մեջ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 11-ի որոշումը` ՀՀ նախագահի ընտրվելու մասին: