31 հունվարի 2004 - 18:21 AMT
ԼՈՆԴՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԿԻՆՈՆԿԱՐ
Մեծ Բրիտանիայում գործող հայկական «Կոմիտաս» ինստիտուտը Նյու Յորքի «Նարեկացի» արվեստի ինստիտուտի հետ համատեղ Թուրքիայում եւ Ադրբեջանում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրություն է կազմակերպել Լոնդոնում: «Կոմիտաս» ինստիտուտի հաղորդագրության համաձայն, ֆիլմում, որը կոչվում է «Սրբապղծություն», ներկայացված են փաստեր, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես են հայկական եկեղեցիները վերածվում մզկիթների, պահեստների եւ ախոռների: Թուրքիայում գտնվող շատ հայկական հուշարձաններ, օրինակ` Մշո Սուրբ Առաքելոց եւ Սբ. Կարապետ վանքերը պարզապես ավերվել են: Ֆիլմում ցուցադրվել են նաեւ հազարավոր պղծված խաչքարեր Ադրբեջանի Նախիջեւանի շրջանում: Այս հինավուրց հուշարձանները ադրբեջանցիները տրակտորով հողին են հավասարեցրել: Նույն բախտին են արժանացել նաեւ տեղի եկեղեցիները: Ֆիլմը մեկնաբանել է հեղինակը` սփյուռքահայ լուսանկարիչ Հոուք Խաչերյանը, որը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում Թուրքիան կանդրադառնա իր սեփական պատմությանը եւ որքան հնարավոր է կշտկի նախկին սխալները: «Սրբապղծությունը» ցուցադրվել է Մեծ Բրիտանիայում հրեական Հոլոքոսթի հիշատակի օրվա առթիվ: