1 մարտի 2012 - 13:00 AMT
ԱԺ-ն ընդունել է արտակարգ դրության դեպքում բանակի կիրառման մասին նոր օրենքը

ՀՀ խորհրդարանն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը»: Երկար քաշքշուկից հետո, քվեարկության արդյունքում օրենքն ընդունվեց 67 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, իսկ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են և չեն մասնակցել քվեարկությանը: Քվեարկությունից անմիջապես հետո բոլոր պատգամավորները իշխող կոալիցիայից լքել են դահլիճը՝ առաջացնելով «Ժառանգության» խմբակցության պատգամավորների դժգոհությունը: Նրանք համարում են, որ դա հատուկ է արվել, որպեսզի հնարավոր չլինի համեմատել տաբլոյի ու դահլիճի արդյունքները: Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին խոսել ոչ թե ենթադրություններով, այլ կոնկրետ անուններ նշելով: Դրանից հետո պատգամավորներն անցել են օրակարգի մյուս հարցերին:

Քվեարկությունից առաջ մթնոլորտը բավականին լարված էր: «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը որոշել էր կանգնած հետևել մյուս պատգամավորների քվեարկությանը, որպեսզի մեկը մյուսի փոխարեն չքվեարկի: ԱԺ խոսնակը խնդրեց նրան զբաղեցնել իր տեղը , ի պատասխան ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պատգամավորն իրավունք ունի գտնվել դահլիճի ցանկացած տեղում: Նիկոյանն իր հերթին հավաստիացրեց, որ քվեարկության վահանակը երկար ժամանակ կգտնվի պատգամավորների տեսադաշտում և նրանք կարող են համեմատել արդյունքները: Հովհաննիսյանն ասել է, դահլիճի պատկերն ավելի հետաքրքիր է, քան տաբլոն:

Հանրապետական Մանվել Բավեյանը տեղից նշել է, որ որոշ պատգամավորներ իրենց համարում են բանտապահներ և դա նրան դուր չի գալիս:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում: