2 մարտի 2012 - 15:08 AMT
Հայաստանում գործող պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում լուրջ բարեփոխումների կարիք կա

Այսօր Երևանում կազմակերպված միջոցառմանը քննարկվեցին ՀՀ-ում պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման համակարգին նվիրված հետազոտության արդյունքներն ու առաջարկությունները։ Հետազոտությունը իրականացվել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Նպատակն էր` խթանել քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները և նպաստել ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների թվի նվազեցմանը:

Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերաբերյալ բարեփոխումները ներառվել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ծրագրի մեջ:

«Դատապարտված անձինք հաճախ իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են հայտնում Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի վերաբերյալ: Հուսով ենք, որ հետազոտության մեջ տեղ գտած առաջարկությունները կնպաստեն համակարգի բարելավմանը և քրեական արդարադատության համակարգի նկատմամբ վստահության և վերականգնողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:

Հետազոտությունը ներառում է Հայաստանի օրենսդրության վերլուծություն միջազգային չափորոշիչների տեսանկյունից և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում: Այն նաև ներկայացնում է մի շարք առաջարկություններ որոշում ընդունելու գործընթացի հիմնական սկզբունքների և չափորոշիչների, քրեակատարողական հաստատությունների դերի, հսկողության, պայմանների փոփոխման և պայմանական վաղաժամկետ ազատման վերացման վերաբերյալ: Հետազոտությունը անցկացվել է 2011թ. մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: