Մարտի 1-ին Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կայացել է ռուսաց լեզվի և գրականության Համաշխարհային լեզվամշակաութաբանական մրցույթի շնորհանդեսը:
Ներկայացնելով մրցույթը՝ Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Նատալյա Երյոմենկոն տեղեկացրել է ներկաներին, որ մրցույթն ընթանում է 2011-2015 թթ. «Ռուսաց լեզու» Դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում:
Մրցույթի կազմակերպիչներն են Ռուսհամագործակցություն դաշնային գործակալությունը և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային կրթության կենտրոնը: Մրցույթի նպատակն է ռուսաց լեզվի տարածումը՝ որպես միջազգային հաղորդակցության գործիք:
Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի գործադիր տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Գուրգեն Բարիկյանը ծանոթացրել է աշակերտներին, ուսանողներին և ռուսաց լեզվի դասախոսներին պայմանների, անվանակարգերի և մրցույթի անցկացման ժամկետների հետ:
Մրցույթի ընթացիկ փուլը տեղի կունենա Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում 2012-ի ապրիլի 1-10-ը: Այս փուլի արդյունքները կամփոփվեն մայիսի 1-ին: Ընթացիկ փուլի հաղթողները կհրավիրվեն Մոսկվա՝ պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար: