2 մարտի 2012 - 16:22 AMT
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ուշադրությունը հրավիրել է Բաքվի ոչ կառուցողական մոտեցմանը ԼՂ հիմնախնդրին

Մարտի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Զրուցակիցները անդրադարձան հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի, և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության իրագործման ուղիներին: Այդ առումով նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Բաքվից հնչում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ կողմից ստանձնած պարտավորություններին:

Իրենց համատեղ հայտարարության մեջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես, նշել են. «Նկատի ունենալով խաղաղ համաձայնագրի կնքման կարևորությանը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնելու համաձայնությունների կնքումը հիմնարար սկզբունքների վերաբերյալ` հաշվի առնելով կատարված աշխատանքը»:

Համաձայն հայտարարության` նախագահները քննարկել են շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները, ընդ որում` հաշվի առնելով ԵԱՀԿ դիտորդների վերջին հաշվետվությունը: «Ղարաբաղյան հակամարտության համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից մեկը երկու երկրների միջև մարդասիրական կապերի զարգացումն է»,- ընդգծել են նախագահները:

Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես հասարակական և գիտական շրջանակներում: