5 մարտի 2012 - 16:16 AMT
Երևանի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը վերսկսվել է

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մարտի 1-ից վերսկսվել է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացը: Հունվարից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն համարակալվել է 4200 ծառ: Նշվել է նաև, որ որոշ տեղերում բնակիչները ցանկություն են հայտնել անձամբ մասնակցել համարակալման գործընթացին:

«Մենք ողջունում ենք բնակիչների նախաձեռնությունը և պատրաստ ենք գործընթացին ներգրավել նաև բոլոր այն հասարակական կազմակերպություններին, բնապահպաններին, երիտասարդներին և այլ անհատներին, որոնք ևս ցանկություն կունենան մասնակցել այս աշխատանքներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ քաղաքապետի հանձնարարականին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 2 դեպք, որից մեկով էլ հարուցվել է քրեական գործ: