11 փետրվարի 2004 - 18:05 AMT
ՏՈՒԱՊՍԵՈՒՄ ԴԱՏԱՎԻՃԻՌ Է ԿԱՅԱՑՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՊԱՆՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Տուապսեի շրջանի Շահումյան ավանի հայկական համայնքի ղեկավար Մակար Քոչյանին սպանողների նկատմամբ 8-10 տարի ազատազրկման դատավճիռ է կայացվել: Երեք կասկածյալներին իրավապահները ձերբակալել են երկու շաբաթվա ընթացքում, այն բանից հետո, երբ 2003 թ. հուլիսին հայտնաբերվել է սեփական տանը սպանված Քոչյանի մարմինը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, հանցագործները նպատակ են ունեցել կողոպտել Քոչյանի տանը գտնվող սեյֆը, որտեղ պահվում էին համայնքի կարիքների համար գումարներ: Ինչպես հանցագործներին տեղեկացրել է տեղի բնակիչը, Քոչյանը նախօրեին համագյուղացիներից հավաքել էր շուրջ երեք հազար դոլար` Շահումյանում բջջային կապի անտենա տեղադրելու նպատակով: Ներխուժելով Քոչյանի տուն` ոճրագործները սպանել են նրան եւ վերցրել սեյֆը: Սակայն այնտեղ փող չի եղել: Չորրորդ հանցագործը, որն, ըստ հետաքննության տվյալների, սպանության կազմակերպիչն է, գտնվում է դաշնային հետախուզության մեջ: