Քիչ առաջ «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսել է իր չվերթերի սպասարկումը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ունեցած տվյալներով «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության է եկել Ռոսնավիգացիա կազմակերպության հետ պարտքի շուրջ:
Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը:
«Հուսով ենք առաջիկայում ինչպես մյուս ավիաընկերությունների այնպես էլ «Արմավիա» ավիաընկերության ուղևորները կսպասարկվեն ժամանակին, առանց խափանումների,հավուր պատշաճի»,- նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը անժամկետ գործադուլ էր հայտարարել: Գործադուլը պայմանավորված էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր գնային քաղաքականությամբ, ըստ որի սպասարկման գները բարձրացել են:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն արձագանքել է գործադուլին՝ բացասական գնահատելով «Արմավիա» ավիաընկերության կողմից «անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները»: