13 փետրվարի 2004 - 19:13 AMT
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՁԳՏՈՒՄ Է ԽԱՓԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՆԱՍԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Պաշտոնական Բաքուն չի ձգտում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն, այլ ամեն կերպ փորձում է խափանել ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններում եւ ներկայացնել Հայաստանը միջազգային հանրության առաջ իբրեւ նախահարձակ երկիր: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` Ստեփանակերտում հանդիպելով Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների պատվիրակությանը, որը գլխավորում էր Հակամարտությունների եւ պետական շինարարության Լոնդոնի տեղեկատվական ցանցի (ԼԻՆՔՍ) տնօրեն Սթեֆան Նեշը: ԼՂՀ ղեկավարի խոսքերով` նման քայլերով Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել խնդիրն ուժային միջոցներով լուծելու համար: «Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը, բայց նա լիազորված չէ որոշել նրա ճակատագիրը»,- հայտարարել է Ա.Ղուկասյանը: Հանդիպման ավարտին «ԼԻՆՔՍԻ» տնօրեն Ս.Նեշը հայտարարել է, որ հակամարտության լուծման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի մասնակցությունը եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծումը: