9 մարտի 2012 - 12:53 AMT
Երևանում տեղի կունենա Ճապոնիայի երկրաշարժի տարելիցին նվիրված հուշ-միջոցառում

Մարտի 11-ին ժամը 17:00 Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Քեզ հետ, Ճապոնիա» խորագրով հուշ-միջոցառում`նվիրված Ճապոնիայի 2011թ. մարտի 11-ի երկրաշարժի տարելիցին : Հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոն ՀԿ-ից հայտնում են,որ հուշ-երեկոյին ներկա են լինելու բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Ճապոնիայից, ինչպես նաև միջոցառման ընթացքում կընթերցվի Հայաստանում Ճապոնիայի դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան պրն Հարադայի ուղերձը հայ ժողովրդին:

Միջոցառման կազմակերպիչն է Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն, աջակցում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Կամերային երաժշտության տունը:

2005թ. օգոստոսին «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակներում Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության 60-րդ տարելիցին հայ երեխաները առաջին անգամ աշխարհում Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք ուղարկեցին իրենց ձեռքով պատրաստված կռունկներ և լապտերներ, որպես հարգանքի տուրք զոհերի հիշատակին և որպես կոչ ընդդեմ պատերազմների:

Ամբողջ աշխարհի համար դա դարձավ ավանդույթ, և այժմ տարբեր երկրներից երեխաները իրենց հարգանքի տուրքն են մատուցում ռմբակոծության զոհերին̀ ուղարկելով լապտերներ Ճապոնիա: Այս ծրագրի արդյունքում 2010թ ստեղծվեց «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնը, որի գործունեությամբ հիմք դրվեց Երևան-Հիրոսիմա քույր քաղաքներ հռչակելու գործընթացին: