14 մարտի 2012 - 12:16 AMT
Ջորջ Քլունին գլխավոր զեկուցողը կլինի Սուդանի վերաբերյալ ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ

Դերասան և իրավապաշտպան Ջորջ Քլունին չորեքշաբթի օրը ամերիկյան սենատորներին կպատմի իրադրության մասին Սուդանում:

Դարֆուրում` Սուդանի արևմտյան շրջանում, 2003 թվականից շարունակվում են ռազմական գործողությունները Սուդանի կառավարության և ապստամբական խմբավորումների միջև, որոնք անջատում են պահանջում: ՄԱԿ-ի տվյալներով այդ ընթացքում հակամարտությանը զոհ է գնացել 300 հազար մարդ: Սուդանի կառավարությունը պնդում է, որ զոհերի թիվը չի գերազանցում մի քանի հազարը:

«Սուդանում և Հարավային Սուդանում անվտանգության հարցերի շուրջ լսումները տեղի կունենան մարտի 14-ին: Գլխավոր զեկուցողը կլինի Քլունին»,- ավելի վաղ հաղորդել էր ԱՄՆ Կոնգրեսի Սենատի միջազգային կոմիտեի աշխատակազմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դերասանը Սուդանի զինված խմբավորումների մասին տեղեկատվության հավաքմամբ և վերլուծությամբ զբաղվող Satellite Sentinel Ptoject կազմակերպության հիմնադիրներից է: