26 փետրվարի 2004 - 19:28 AMT
ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԱՊՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՌԴ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Ռուսաստանն իր Սահմանադրության պաշտպանության տակ կվերցնի ԱՊՀ այն քաղաքացիներին, որոնք ընդունվել են ՌԴ-ում զինվորական ծառայության: Այդ մասին «Կրասնայա զվեզդա» ռուսական թերթին է հայտարարել Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի կազմակերպական-զորահավաքման վարչության պետ գեներալ-գնդապետ Վասիլի Սմիռնովը: Նրա խոսքերով, «ԱՊՀ քաղաքացիները զինվորական ծառայության են ընդունվում ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով, նրանք զորամասերի կազմում զինվորական ծառայություն են անցնում ընդհանուր հիմունքներով եւ ստանում են նույնպիսի ռոճիկ, ինչպես եւ Ռուսաստանի քաղաքացիները: Ուստի խոսել, այն պետությունների օրենքներով նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, որտեղից նրանք ժամանել են, հազիվ թե հնարավոր լինի, քանի որ նրանք հայտնվում են ՌԴ Սահմանադրության պաշտպանության ներքո եւ այլ պետության չեն կարող հանձնվել այն գործողությունների համար, որոնք Ռուսաստանում հանցագործություն չեն համարվում»: