28 փետրվարի 2004 - 17:38 AMT
ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հայ գործարարներին առաջարկել է Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցել մեծածախ առեւտրի կենտրոն: Երեկ ելույթ ունենալով «Մոսկվա-Երեւան» բիզնես-համաժողովին` նա նշել է, որ նմանատիպ կենտրոնների շրջանառությունը զարմացնում է գործընկերներին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունը, որպես օրինակ, քաղաքապետը մատնանշել է «Մետրո Քեշ ընդ Քերի» ընկերության աշխատանքային փորձը, որը Մոսկվայում կառուցելով նման կարգի մեկ կենտրոն, ծրագրել է կառուցել եւս ութը: «Մենք Հայաստանին առաջարկում ենք կառուցել սեփական կենտրոն, որը կպատկաներ Հայաստանին: Եթե ցանկանում եք, կարող ենք միասին կառուցել»,-ասել է Լուժկովը: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ գործարարների մասնակցությամբ մանրածախ առեւտրի զարգացմանը: Նրա տվյալներով, Մոսկվայում այսօր կա շուրջ 500 հայ-ռուսական համատեղ ընկերություն: