Հայաստանի Կենտրոնական բանկում գտնում են, որ դեռ հնարավոր չէ իրատեսական գնահատական տալ Վաշինգտոնի կողմից հավանաբար ընդունվելիք օրինագծի վերաբերյալ, որով ԱՄՆ-ում հաշիվներ ունեցող օտարերկրյա բանկերը պարտավոր կլինեն երկրի գանձապետարան հայտնել Իրանի ֆինկառույցների հետ գործողությունների մասին:
ԿԲ-ում ասել են, որ արտասահմանյան բանկերում ունեցած թղթակցային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հայաստանյան բանկերի կողմից հրապարակվող նյութերում (օրինակ՝ տարեկան հաշվետվություններում) այն չափով, որքանով տվյալ բանկը դա նպատակահարմար է համարում: Բանկերի կողմից հրապարակվող նյութերը առավել ընդգրկուն ծավալով հասանելի են վերջիններիս ինտերնետային կայքէջերում:
Բանկում նշել են նաև, որ հայաստանյան բանկերի վրա ԱՄՆ-ի կողմից ենթադրաբար ընդունվելիք օրենքի հնարավոր ազդեցության վերաբերյալ իրատեսական որևէ գնահատական տալ հնարավոր չէ, քանի դեռ բացակայում են այդ օրենքի կարգավորման օբյեկտ(ներ)ի և շրջանակի մասին կոնկրետ տվյալները: