Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է վերսկսել ռազմական օգնությունը Եգիպտոսին, չնայած իրավապաշտպանների հետապնդման պատճառով Կահիրեի հետ հարաբերությունների բարդացմանը: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ:
Օգնությունը ծրագրվում է վերսկսել, չնայած որ Կոնգրեսը նման օգնության հատկացումն ուղղակիորեն կապել է ստացող երկրում հիմնական ազատությունների պաշտպանության ոլորտում իրերի դրության հետ: Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն հաջորդ շաբաթվա սկզբում կհայտարարի, որ օգնության հատկացումն անհրաժեշտ է՝ ելնելով ազգային անվտանգության պահանջներից: Դրանից հետո Կահիրեին կհատկացվի 2012 թվականի համար նախատեսված 1,3 միլիարդ դոլար ընդհանուր գումարի որոշակի մասը: