Ուսումնասիրելով եթերացանկը` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 10 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել այս գարնանը:
«Ամերիկացիները» (օրիգ. անվանումը` The Americans)
4-րդ եթերաշրջան
Պրեմիերան` մարտի 16-ին
Ալիքը` FX
«Սառը պատերազմի» դարաշրջանը պարարտ հող է լտեսական պատմությունների սիրահարների համար: ԿՀՎ նախկին սպա, ներկայիս սցենարիստ Ջո Վայսբերգը ստեղծել է զարմանալի սլացիկ դրամատիկ կոնստրուկցիա հեռուստանովելի տեսքով, որը պամում է ՊԱԿ խորհրդային սպաների դժվար ճակատագրի մասին, որոնք հատուկ ուսուցում են անցել, 1980-ականներին որպես ԱՄՆ քաղաքացիներ ներկայանալու համար:
«Թոկից փախածը» (օրիգ. անվանումը` Marvel's Daredevil)
2-րդ
Պրեմիերան` մարտի 18-ին
Ալիքը` Netflix
Netflix հեռուստաալիքի և կոմիքսներ արտադրող Marvel-ի համագործակցության պտուղը շատ հաջող ստացվեց: Կույր փաստաբան Մեթ Մերդոկի արկածների մասին սերիալի առաջին սեզոնը դուր եկավ ինչպես կինոկոմիքսների սիրահարներին, այնպես էլ ոչ այնքան շահագրգռված մարդկանց: Երկրորդ սեզոնը ավելի շատ դրայվ է խոստանում` չէ որ այս անգամ հակահերոսի դերում ոչ պակաս հայտնի Պատժիչն է Ջոն Բերթնալի կատարմամբ:
«Ուղի» (օրիգ. անվանումը` The Path)
Սեզոնը` 1-ին
Պրեմիերան` մարտի 30-ին
Ալիքը` Hulu
Նյու Յորքի նահանգի հյուսիսում հայտնվել է անհայտ և խորհրդավոր կրոնական պաշտամունք, որի կենտրոնում են հայտնվում հավատի ճգնաժամ ապրող Էդդին և նրա հավատարիմ կինը` Սառան, իսկ նրանց ոչ պաշտոնական առաջնորդն է դառնում հավակնոտ Քելը: Նոր հեռուստատեսային թրիլերն, ըստ առաջին հոլովակների, խոստանում է շատ լարված, ինտրիգներով լի պատմություն, որը, հաջողության դեպքում, նաև երկարաժամկետ կլինի:
«Բանշի» (օրիգ. անվանումը` Banshee)
Սեզոնը` 4-րդ
Պրեմիերան` ապրիլի 1-ին
Ալիքը` Cinemax
Աղմկահարույց կրիմինալ սերիալի վերջին սեզոնը 8 էպիզոդ կունենա և կավարտվի միանշանակ անվանում ունեցող վերջակետով` «Requiem»: Անկախ բարձր վարկանիշերից, հեղինակները դիմել են անսովոր քայլի` ավարտելով պատմությունը: Բանտում նստած և Բանշի շրջանի սպանված շերիֆի անձը յուրացրած գլխավոր հերոսը վերջապես ստիված կլինի ընդհատել իրադարձությունների արատավոր ու արյունալի շղթան:
«Վախեցեք քայլող մառյալներից» (օրիգ. անվանումը` Fear the Walking Dead)
Սեզոնը` 2-րդ
Պրեմիերան` ապրիլի 10-ին
Ալիքը` AMC
Անվերջ ձգվող «Քայլող մեռյալներից» այս ճյուղավորումը միանշանակ չընկալվեց` կոլորիտով կերպարների և հասկանալի պատմության բացակայությունը ճակատագրական եղան: Միակ բանը, որ կարող է ստիպել դիտել այս սերիալի շարունակությունը, կարող է լինել ձգտումը` իմանալ թե իրականում ինչ է կատարվել, ինչպես և ում մեղքով փլուզվեց աշխարհը:
«12 կապիկ» (օրիգ. անվանումը` 12 Monkeys)
Սեզոնը` 2-րդ
Պրեմիերան` ապրիլի 18-ին
Ալիքը` SyFy
Թերրի Գիլլիամի 1995 թ.պաշտամունքային կինոնկարի հեռուստաադապտացիան է, որը շարունակում է թափ հավաքել: Առաջին սեզոնի վարկանիշները բավականին բարձր էին, ուստի մեղք կլիներ չերկարացնել սերիալը: Իրադարձությունները ծավալվում են ժամանակի երկու կետում` 2043 թ. երբ մարդկության մեծ մասն արդեն մահացել է մահացու վիրուսից, և մեր օրերում` գլխավոր հերոսը անցյալ է գնում, կանխելու համար վիրուսի առաջացումն ու մարդկությանը փրկելու համար:
«Գահերի խաղը» (օրիգ. անվանումը` Game of Thrones)
Սեզոնը` 6-րդ
Պրեմիերան` ապրիլի 24-ին
Ալիքը` HBO
Այս գարնան ամենասպասված շարունակությունն է: Լանիսթերների և Սթարկերի պայքարը Վեսթերոսում իշխանության համար միանգամայն այլ հարթակ է դուրս գալիս` չէ որ պատից այն կողմ մի ուժ է հասունանում, որին ոչ մի բան չի կարող հակառակվել: Հեղինակները նոր սեզոնում առանցքային կերպարների ավելի շատ սպանություններ են խոստանում, և ըստ թրեյլերի, դա իրոք այդպես է:
«Շրջադարձ» (օրիգ. անվանումը` Turn)
Սեզոնը` 3-րդ
Պրեմիերան` ապրիլի 25-ին
Ալիքը` AMC
Ալեքսանդր Ռոուզի «Վաշինգտոնի լրտեսները. Պատմություն առաջին ամերիկյան լրտեսական կազմակերպության մասին» գիրքն առաջին սկզբնաղբյուրն է եղել այս հիանալի պատմական սերիալի համար: Այն նկարագրում է իրական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 1776 և 1777թթ. Նյու Յորքի Սեթոքեթ շրջանում, երբ սովորական ֆերմերը «Քալթեր ռինգ» լրտեսների կազմակերպությունն է հիմնում, որը մեծ ազդեցություն է ունենում ԱՄՆ անկախության համար պատերազմի հետագա ընթացքի վրա:
«Բուլվարային սարսափները» (օրիգ. անվանումը` Penny Dreadful)
Սեզոնը` 3-րդ
Պրեմիերան` մայիսի 1-ին
Ալիքը` Showtime
«Բուլվարային սարսափները» բոլոր հնարավոր լեգենդների, միֆերի ու առասպելների մի հիանալի խառնուրդ է, համեմված դասական գրականության տարրերով` «Բրեմ Սթոքերի «Դրակուլայից» մինչև Մերի Շելլի «Ֆրանկենշտեյնը»: Գոթական պատմությունների բոլոր հրեշները գոյակցում են լավ մշակված տիեզերքի ներսում` համագործակցելով և պայքարելով ընդհանուր թշնամու դեմ:
«Ճիչը» (օրիգ. անվանումը` Scream) Սեզոնը` 2-րդ
Պրեմիերան` մայիսի 31-ին
Ալիքը` MTV
Սարսափ ֆիլմերի համանուն շարքի հեռուստատեսային ադապտացիան է, որի հիմնադիրը լեգենդար Ուես Քրեյվենն է (1966թ.): Այն, ինչ սկսվում էր որպես սովորական տեսանյութ YouTube-ի համար, շուտով խնդրահարույց դարձավ Լեյքվուդ քաղաքի դեռահասների համար, նպաստելով մի սպանության, որը պատուհան է բացում դեպի քաղաքի անցյալը: Պաշտամունքային երիտասարդական սլեշերը տեղափոխվեց փոքր էկրան` այդպիսով նոր կյանք ստանալով: