28 մարտի 2012 - 17:38 AMT
Հայերենով գործող Cafe4tune.com սոցիալական ցանցը նորույթներ է ներկայացրել

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել Cafe4tune.com տարածաշրջանային ներկայացուցչության մամուլի բաժնից, Cafe4tune.com սոցիալական ցանցը թողարկել է իր բետա-տարբերակը, ինչպես նաև iPhone-ի, iPad-ի ու Android-ի համար նախատեսված հավելումները:

«Cafe4tune.com-ում առկա տեսա, ձայնա և տեքստային գործիքների ինտեգրման շնորհիվ ցանկացած սպառող և գործարար կարող է բարելավել աշխարհին իր ներգրավվածության աստիճանը: Կայքի ընդլայնմանը զուգահեռ մեր նպատակն է այցելուներին հնարավորություն տալ գտնելու իրենց հետաքրքրող գրեթե ամեն ինչ 3D ինտերակտիվ միջավայրում»,-նշել է սոցցանցի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արտաշես Օյկոնոմիդիսին:

Cafe4tune.com սոցիալական ցանցում օգտատերերը կարող են ոչ միայն փոխանակել տեքստային հաղորդագրություններ, այլև ցանկության դեպքում նաև կառավարել 3D-պրոեկցիան վիրտուալ եռաչափ աշխարհում՝ սեփական փողոցներով, հյուրանոցներով, սրճարաններով ու անցորդներով: Cafe4tune.com-ում հնարավոր կլինի վարել սեփական ուղիղ առցանց հեռարձակումներ, այդ թվում` բջջային հեռախոսների տեսախցիկների օգնությամբ: Նորույթների թվում է նաև վիրտուալ խանութներ, պատկերասրահներ ստեղծելու հնարավորությունը՝ առցանց վաճառքի հնարավորությամբ: Ցանցը հնարավորություն կտա ընկերություններին արդյունավետ ու մինիմալ ծախսերով առաջ տանել սեփական բրենդները:

2011-ին առաջին անգամ ներկայացվելով հանրությանը` Cafe4tune.com-ն այսօր ունի օգտատերեր ավելի քան 170 երկրներից և գործում է 30-ից ավելի լեզուներով, այդ թվում` հայերենով: