28 մարտի 2012 - 21:05 AMT
ԱՄՆ-ը դադարեցնում է հումանիտար օգնությունը ԿԺԴՀ-ին արբանյակի գործարկման պատճառով

ԱՄՆ-ը դադարեցնում է հումանիտար պարենային օգնությունը Հյուսիսային Կորեային` կապված ռազմական և ատոմային ոլորտներում Պհենյանի ստանձնած պարտավորությունների խախտման հետ: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը` հղում կատարելով Ասիա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Փիթեր Լավոյին, ով չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել Կոնգրեսում:

Գործակալության տվյալների համաձայն` Լավոյն այդ որոշումը պարզաբանել է ապրիլի կեսին արհեստական արբանյակ գործարկելու վերաբերյալ Պհենյանի ծրագրերով: Արևմտյան երկրները կասկածում են, որ իրականում ԿԺԴՀ տիեզերական ծրագիրը բալլիստիկ հրթիռների կոծկված փորձարկում է: «Եթե գործարկումը, այնուամենայնիվ, իրականացվի, ապա այն կդժվարացնի պարենամթերքի մատակարարման մասին ցանկացած պայմանագրի կատարումը»,- նշվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ: