ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ բնապահպանության նախարարության 2011թ. գործունեությունը: Պաշտպանի գնահատմամբ` մտահոգիչ է մարդու և առաջին հերթին տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը: 2011թ. պաշտոնական տվյալներով հայտնաբերվել է շրջակա միջավայրի համար վնասակար գործունեության իրականացման 5 դեպք, երբ առկա չի եղել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:
Շարունակվել է Հայաստանի Հանրապետությունում կանաչ տարածքների ոչնչացումը, անտառների (անտառային հողերի) հատկացումները տարբեր տնտեսական գործունեությունների իրականացման համար: Շարունակվել են ապօրինի ծառահատումների դեպքերը, որոնք Նախարարության համապատասխան կառույցների կողմից չեն արձանագրվել, և համապատասխան վարչական վարույթներ չեն սկսվել:
Կարեն Անդրասյանն անդրադարձել է նաև հանքարդյունահանման գործունեության արդյունքում շարունակաբար աճող թափոնների և պոչամբարների խնդրին: Նրա գնահատմամբ` նախարարության կողմից բավարար չափով չեն ուսումնասիրվել ՀՀ տարածքում լեռնահանքային արդյունաբերության հետևանքով խախտված, դեգրադացված հողերը (պոչամբարներ, մետաղական հանքավայրերի լցակույտեր):
ՄԻ պաշտպանը նշել է նաև, որ 2011թ. ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 36 զանգ: Իսկ նման ցածր ցուցանիշը վկայում է ինչպես բնակչության իրազեկվածության ցածր մակարդակի, այնպես էլ նախարարության հանդեպ ունեցած վստահության պակասի մասին:
Արձանագրված դրական զարգացումներից Կարեն Անդրեասյանն առանձնացրել է Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը, ինչպես նաև «Թռչկան» ջրվեժը սնուցող գետի վրա ՀԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքների կասեցումը: