Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ միություն) շուկայում առկա կեղծ դեղորայքները հայտնաբերում է մոնիտորինգի, դեղատներում իրականացվող փորձնական գնումների միջոցով և ներմուծողների աջակցությամբ:
Այս մասին այսօր «Առողջություն և Դեղագործություն EXPO 2012»-ի ընթացքում PanARMENIAN.Net-ի լրագրողի հետ զրույցում պարզաբանեց ԴԱՆ միության նախագահ Սամվել Զաքարյանը:
«Վերջին նման դեպքի մասին տեղեկացել ենք երեկ: Դեղ ներմուծող ընկերությունը գտել էր շուկայում դեղի կեղծ տարբերակները, մենք էլ մի քանի դեղատներից գնելով այդ դեղը ուսումնասիրության արդյունքում պարզեցինք դրա կեղծ լինելը»:
Սամվել Զաքարյանը նշեց, որ ԴԱՆ միությունը իրավասու չէ կեղծ, մաքսանենգ ճանապարհով ներկրված կամ ժամկետնանց դեղորայքի դեմ պայքարել: Լուծման միակ տարբերակը, ըստ Սամվել Զաքարյանի, օրենսդրական փոփոխություններն են. «Օրենքով նախատեսված չէ գրանշում փաթեթավորման վրա, որը թույլ կտար գնորդին տարբերակել՝ գրանցված է դեղանյութը Հայաստանում, թե՝ ոչ, համապատասխանո՞ւմ է գույնի, որակի, փաթեթավորման պահանջներին»: