Հայաստանն արգելքներ չի տեսնում ինտեգրման առումով ԵվրԱզԷՍ և ԱՊՀ շրջանակներում, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք կենսականորեն շահագրգռված ենք, որ այդ գործընթացները խորանան ու հզորանան: Սակայն, համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի դեպք, երբ երկիրը Մաքսային միության անդամ է դարձել, այդ երկրների հետ չունենալով ընդհանուր սահման»,-ասել է նա:
Ըստ նրա, Հայաստանի դեպքում հարկ է լինում անցնել հարևան պետության տարածքով և երկու անգամ մաքսազերծում անցնել:
Դա անիմաստ է դարձնում մաքսազերծման պարզեցումը տնտեսվարող սուբյեկտների համար: Փոխարենը մենք միայն խնդիրներ կստանանք, կապված մաքսային տուրքերի ու հարկերի բարձրացման հետ: Մեր ռուս գործընկերներն ըմբռնումով են վերաբերում դրան: Մենք որոնում ենք համագործակցության ձևեր Մաքսային միությունից դուրս: Հավանաբար, Հայաստանի դեպքում հարկ է մտածել ինչ-որ նոր հարթակի կամ հատուկ կարգավիճակի մասին»,-հավելել է նա:
Տիգրան Սարգսյանը ենթադրել է, որ եթե Մաքսային միության կանոնները պարտադիր են մասնակիցների համար, ապա գործընկեր երկրների համար պետք է սահմանվեն առանձին կանոններ: «Հավանաբար, դա ինչ-որ նոր բան պետք է լինի: Մաքսային միությունը այնպիսի գործիքներ չի տալիս մեզ, որոնք շահավետ կլինեն տնտեսվարող սուբյեկտների համար: Այդ դեպքում դա անիմաստ է»,-պարզաբանել է վարչապետը: