Խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիայի ստեղծումը Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից բարի կամքի դրսևորում կլինի, և ոչ ավելին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով, նախնական տվյալներով երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն հավաքել է ձայների 44,05 տոկոսը, ինչպես նաև մոտ 30 տեղ ստացավ մեծամասնական կարգով, որի արդյունքում նա ունի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն: Այսինքն, քաղաքագետի խոսքով, ՀՀԿ-ն արդեն կարիք չունի կոալիցիայի:
Մարկարովի կարծիքով, ընտրությունների հիմնական ինտրիգը Հայ ազգային կոնգրեսի կողմից 7 տոկոսանոց շեմի հաղթահարումն էր:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից միասնական շտաբի ստեղծմանը, ապա Մարկարովը կասկածի տակ է դնում դրա կայունությունը, որովհետև նրանց միջև կլինեն տարաձայնություններ: Նա նաև դժվարացավ ասել, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմա իշխանամետ, թե ոչ:
Ըստ ստացած տվյալների, մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 645 402 (44,05 %)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 443 179 (30,25 %)
«Ժառանգություն»` 84 497 (5,77 %)
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 103 825 (7,09 %)
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 83 824 (5,72 %)
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 80 411 (5,49 %)
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 402 (0,37 %)
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 510 (1,06 %)
«Միավորված հայեր» կուսակցություն` 2 993 (0,20 %):