24 մայիսի 2012 - 16:37 AMT
2012թ. երրորդ եռամսյակում կսկսվեն Սանահինի վերականգնման աշխատանքները

2012 թ. երրորդ եռամսյակում կսկսվեն Սանահինի վանական համալիրի Սբ Աստվածածին և Սբ Ամենափրկիչ եկեղեցիների, նրանց հարակից նախագավիթ-տապանատան, գավթի և Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի վերականգնման-ամրակայման աշխատանքները: Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2010-2011 թթ. ընթացքում, մինչ հուշարձանի ամրակայման, վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, իրականացվել են պահպանվածության առումով համալիրի առավել վթարված գլխավոր` արևմտյան թևի հուշարձանախմբի կառույցների համալիր գիտական ուսումնասիրություններ:

ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի կողմից իրականացվել են տարածքի մասնակի պեղման ու հնագիտական հետախուզական աշխատանքներ: Վենետիկի վերականգնման կենտրոնի և Բեռլինի բարձր տեխնոլոգիաների համալսարանի մասնագետների կողմից ժամանակակից լազերային սարքերով եռաչափ ճշգրիտ չափագրումների միջոցով նշվել են հուշարձանների պատերի ձևախախտումների ու ճաքերի առաջացման պատճառները, բնույթն ու դրանց ներկա վիճակը:

Ողղորդվելով կատարված ուսումնասիրությունների տվյալներով ու հանձնարարականներով` հաղթող ճանաչված կազմակերպության կողմից մշակվել և նախարարության գիտամեթոդական խորհրդի 2012 թ. մայիսի 10-ի նիստում քննարկվել ու հավանության են արժանացել նախագծերը, որոնք սահմանված կարգի համաձայն հանձնվել են փորձաքննության: