«Տարեսկզբին երկու խաղ ունեցանք, որոնք նպատակ ունեին նոր խաղացողներ փորձարկելու: Այս երկու ընկերականները կրելու են տակտիկական բնույթ: Մտածել ենք փորձարկել երկու սխեմա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Նրա խոսքով, Հունսատանի և Ղազախստանի ընկերական հանդիպումներից մեկի ժամանակ թիմը կխաղա անցած մրցաշրջանի մարտավարությամբ, իսկ մյուսի` մեկ հենակետային և երկու հարձակվողական կիսապաշտպանով:
Անդրադառնալով դարպասապահների խնդրին` Մինասյանն ասաց, որ ով գտնվի լավ մարզավիճակում, նա էլ կհրավիրվի հավաքկան. «Այս պահին Բերեզովսկին և Կասպարովն են լավ վիճակում, այդ իսկ պատճառով նրանք են մասնակցելու այս հավաքին»:
Մարզիչը նշեց նաև, որ հրավիրվածներից միայն Վարազդատ Հարոյանի մասնակցությունն է հարցականի տակ, քանի որ պաշտպանը ոտքի թեթև վնասվածք ունի: «Մնացածը, բացի Արաս Օզբիլիսից ու Էդգար Մանուչարյանից, որոնք վնասվածքներ ունեն, կլինեն այս ընկերական խաղերի ժամանակ: Մեր տեսադաշտում է նաև Նորայր Մամեդովը»,- ավելացրեց նա:
Հայաստանի հավաքականը մայիսի 30-ի առավոտյան կմեկնի Ավստրիա: Հունաստան-Հայաստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 22:30-ին, Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում: