Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկա գտնվեց հինգերորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստին, որի ընթացքում Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունը բերեց նորընտիր խորհրդարանին:
«Խորհրդարանի օրենսդրական գործունեությունը հիմք և ուղենիշ է, պայման ու երաշխիք երկրի զարգացման համար:
Մեր երկիրը նախորդ երկու տասնամյակներում օրենսդրական փոփոխությունների նշանակալի ճանապարհ է անցել` հաստատելով ազատ ու ինքնիշխան պետականության և ժողովրդավարական հասարակության հիմքերը: Այդ ձեռքբերումները զորացնում են մեր ժողովրդի արդար հույսերը` կառուցելու բարեշեն ու բարգավաճող Հայրենիք:
Անհրաժեշտ ու կարևոր է շարունակական ընթացքը բարեփոխումների, որն առաջիկա տարիներին պիտի իրագործվի Ձեր ջանադիր գործունեությամբ, Ձեր նվիրյալ ծառայությամբ: Ձեր ուսերին է ծանրացած պատասխանատվությունը` կանոնակարգելու և ուղղորդելու Հայաստանի պետական և հասարակական կյանքի ընթացքները, օրենքի կարգավորումով ապահովելու մեր երկրի կայունությունն ու ներդաշնակ զարգացումը, մեր կյանքի դժվարությունների ու խնդիրների հաղթահարման ուղիները: Ձեզ վստահված այս կարևոր առաքելության մեջ Ձեզ առաջնորդող ունեցեք հավատքը, բարոյական արժեքներն ու սկզբունքները»,- ասաց Վեհափառը:
Հայրապետական խոսքի ավարտին միասնական Տերունական աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին: