«Հինգերորդ գումարման Ազգային ժողովը հստակորեն արտացոլում է հասարակությունում քաղաքական ուժերի դիրքը»,-հունիսի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միության» նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նկատել է, որ նոր խորհրդարանում հարուստ քաղաքական փորձով բազմաթիվ պատտգամավորներ կան` ինչպես իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ` ընդդիմության:
Ընդ որում, Հարությունյանը հույս է հայտնել, որ նոր խորհրդարանի պատգամավորները ակտիվ կլինեն իրենց օրենսդիր գործունեության մեջ, խորհրդարանում «քաղաքական շոու» չեն կազմակերպի և կարդարացնեն իրենց ընտրողների հույսերը: «Ուզում եմ հուսալ, որ բոլոր քաղաքական ուժերը հատկապես ուշադիր կլինեն խորհրդարանի հեղինակության, նրա դերի հարցում և իրենց ավանդը կունենան օրենսդիր աշխատանքներում»,-ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ Խոսրով Հարությունյանը հերքել է լուրերն այն մասին, որ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ԱԺ են անցել ՀՀԿ կազմում, իրենց հեռու են պահում հանրապետական պատգամորներից, ընդգծելով, որ իրենք ակտիվորեն համագործակցում են խմբակցության գործընկերների հետ: