2014 թ-ին Երևանում անցկացվելու է հայազգի մեծ աճպարար Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային կրկեսային արվեստի մրցույթ-փառատոն: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա խոսքով, այն տեղի կունենա մայիս-հունիս ամիսների ընթացքում, կրկեսային արվեստի բոլոր ժանրերում:
Կրկեսի վերանորոգումն, ըստ Պետրոսյանի, կավարտվի 2013 թ-ի վերջին: Նախատեսվում է, որ կրկեսի բացումը կանի ռուսաստանաբնակ հանրահայտ կրկեսային գործիչ Տիգրան Հակոբյանը: Կրկեսում ելույթ կունենա նաև վայրի կենդանիներ վարժեցնող հանրահայտ Միխայիլ Բաղդասարովը:
Պետրոսյանը նաև նշեց, որ կրկեսին կից կգործի նաև ստուդիա: Նա խոստացավ, որ կրկեսի վերանորոգումից հետո ավելի կնդլայնվի ներկայացումների ցանկը, ավելի շատ կգան արտերկրից կրկեսային կոլեկտիվներ:
Այս պահին, Պետրոսյանի խոսքով, կրկեսը Երևանում չի գործում, բայց նրանք ելույթ են ունենում մարզերում, շուտով հյուրախաղեր կունենան նաև զորամասերում:
Մոտ ժամանակներս կբացվեն նաև Երևանի կրկեսի մասնաճյուղեր Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում և Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:
Կրկեսի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորում է «Տաշիր գրուպ» ընկերությունը: