Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, hանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և վստահություն հայտնել, որ նրա հայաստանյան այցը հագեցած կլինի արդյունավետ հանդիպումներով, որոնք կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթ կրող դաշնակցային հարաբերությունների խորացմամբ և այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է իրականացնում:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը:
«Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի համոզմամբ` երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծ դեր ունեն ոչ միայն քաղաքականությունն ու տնտեսությունը, այլ նաև մշակութային, կրթական և հումանիտար ոլորտի հետ կապված բոլոր հարցերում սերտ գործակցությունը:
Կոնստանտին Կոսաչևի հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ինչպես ՀՀ պաշտոնատար անձանց, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ:
«Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարն արդեն հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ: Նախատեսված են նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, կրթության և գիտության, էկոնոմիկայի, մշակույթի նախարարների հետ հանդիպումներ: