Իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանել է ԱԺ ընդդիմադիր և ԲՀԿ խմբակցությունների դիմումը ԱԺ խոսնակին` Վահե Ավետյանի սպանության գործով խորհրդարանում օրինապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Ըստ նրա, խոսնակի լիազորությունների մեջ չի մտնում նմանատիպ հանդիպումներ կազմակերպելը, և եթե այդ 4 խմբակցությունների ներկայացուցիչները այդ գործի մասին տեղեկություններ են ցանկանում ստանալ, ապա կարող են դիմել համապատասխան մարմիններին և ստանալ պատասխան:
Սահակյանը կոչ է արել քաղաքական նկատառումներից ելնելով`սպեկուլյացիաներ չանել այդ հարցում: «Խնդիրը ոչ թե վշտի ամոքման մեջ է, այլ նրա, որ հասարակությանը դրդում են վրեժի, վենդետտայի: Ես սա հանգուցյալի նկատմամբ անարգանք եմ համարում»,-հայտարարել է նա:
Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:
Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը:
Ավետյանի սպանությունը հանգեցրել է Ռուբեն Հայրապետյանի դեմ ուղղված հանրային բողոքի` պահանջելով անցկացնել արդար հետաքննություն և պատժել այս գործի բոլոր մեղավորներին. արդյունքում Հայրապետյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: