19 հուլիսի 2012 - 16:56 AMT
Հենրիխ Մխիթարյան. Եթե հնարավորություն լիներ, կցանկանայի խաղալ նաև Իսպանիայում և Անգլիայում

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ շատ ուրախ է իր թիմին օգուտ բերելու համար: Ուկրաինայի առաջնության առաջին տուրում Մխիթարյանը 2 գնդակ է խփել «Արսենալի» դարպասներին և գոլային փոխանցում կատարել: «Մենք շատ լրջորեն էինք պատրաստվում այս հանդիպմանը, պարզել էինք նրանց թույլ կողմերն ու օգտվել դրանցից: Անձամբ ինձ համար, անհատական ցուցանիշները որևէ հատուկ նշանակություն չունեն: Գլխավորը թիմի արդյունքն է»,-հայ կիսապաշտպանի խոսքը հաղորդում է sport-express.ua-ն:

Մխիթարյանը կարծում է, որ «Շախտյորը» անընդհատ առաջընթաց է գրանցում և խաղից խաղ փորձում է ավելի լավ խաղալ և ավելի որակյալ ֆուտբոլ ցուցադրել:

«Եթե հնարավորություն լիներ, ապա ես, բացի Ուկրաինայի առաջնությունից, հաճույքով կխաղայի նաև Իսպանիայի և Անգլիայի առաջնություններում: Սակայն ես չեմ հուսահատվում, Ուկրաինայում ևս ուժեղ առաջնություն է, իսկ եվրոպական գրանդերի դեմ, մենք կխաղանք Չեմպիոնների լիգայում»,-ասել է նա: