Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած հերթական նախագահական ընտրությունները: Նախարարը մասնավորապես ասել է, որ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
«Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:
Չեմ կարծում, որ ժողովրդավար որևէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը և կարևորությունը:
Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելևս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով:
Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը»,-ասել է Նալբանդյանը՝ անդրադառնալով Արցախում կայացած ընտրություններին: