Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին»:
«Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ մասով պետության ղեկավարը օգոստոսի 31-ին հրամանագիր է ստորագրել Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից 2006թ. ապրիլի 13-ին ցմահ բանտարկության դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սահիբ օղլու Սաֆարովին ներում շնորհելու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական մամուլը հայտնում է նաև, որ Ռ.Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Հունգարիայից, որտեղ կրում էր ցմահ բանտարկությունը: Որպես ապացույց բերվում է Սաֆարովի լուսանկարը Բաքվում:
Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանում այդ հաղորդագրությունը: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարն ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ հանդիպման է և կկարողանա պատասխանել հարցին միայն չորս ժամից:
ՀՀ-ում Հունգարիայի դեսպանատան աշխատակից Արթուր Մուշեղյանը չի հաստատել, և չի հերքել տեղեկությունը:
«Այս պահին ես սպասում եմ Հունգարիայի իշխանությունների պաշտոնական հայտարարությանը: Մինիչ այդ ոչինչ չեմ կարող ասել: Պատասխանը կլինի մինչև օրվա վերջը, որից հետո արդեն ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն կտարածի»,-ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին: