Հայտնի է Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը, որը շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում խաղալու է Չինաստանի հետ:
Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը հանդիպելու է Հաո Վանգին, Սերգեյ Մովսիսյանը` Յուե Վանգին, Վլադիմիր Հակոբյանը` Լիրեն Դինգին, Գաբրիել Սարգսյանը` Քսիանգժի Բուին:
6 տուրերից հետո հայ շախմատիսները 11 միավորով Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականների հետ կիսում են 1-3-րդ տեղերը: Չինաստանն ունի 10 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը:
Օլիմպիադայում աշխարհի գործող չեմպիոն հայ շախմատիստները վստահ են հանդես գալիս, նրանք 6 տուրերում հաղթանակ են տարել Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների և Ուկրաինայի հավաքականների նկատմամբ, այնուհետև կիսել են միավորները Ռուսաստանի հետ:
Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին:
40-րդ Օլիմպիադան ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով: Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալիս 155 թիմեր: Օլիմպիադան ավարտվելու է սեպտեմբերի 10-ին: