8 սեպտեմբերի 2012 - 18:06 AMT
Շվեյցարիայի հայերը Հունգարիայից պահանջում են Բաքվից ետ կանչել դեսպանին

Հայաստան-Շվեյցարիա ասոցիացիան (SAA) և Շվեյցարիայի հայ համայնքը դատապարտում են Հունգարիայից ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին և նրան այնտեղ ներում շնորհելը: PanARMENIAN.Net ստացված SAA հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հունգարական կառավարության որոշումը Ռաֆիլ Սաֆարովին արտահանձնելու մասին սպառնալիքի տակ է դնում երկրի դատական համակարգի ամբողջականությունը: Այդ ամոթալի որոշումը վնասում է Հունգարիայի միջազգային հեղինակությանը և վարկաբեկում նրան որպես ժողովրդավարական երկիր և Եվրոպական հանրության անդամ: SAA-ն դատապարտում է նաև Ադրբեջանում Սաֆարովին ներում շնորհելը և դա համարում կանխամտածված սադրանք, որը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Հարավային Կովկասի փխրուն անվտանգությունը, այլ նաև ողջ աշխարհի հայերի անվտանգությունը: SAA-ն Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Ուլի Լոյենբերգերի հետ միասին ուղերձ է հղել Հունգարիայի դեսպանատանը, կոչ անելով հունգարական կառավարությանը հրապարակավ ընդունել իր սխալը, դատապարտել Ալիևի կողմից Սաֆարովին ներում շնորհելը և Բաքվից ետ կանչել դեսպանին»:

SAA-ն նաև կարծում է, որ Շվեյցարիան պետք է դատապարտի միջազգային օրենքների այդ խախտումը և պահանջի Ադրբեջանի նախագահից կատարել իր վրա վերցրած պարտավարությունները:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: