13 սեպտեմբերի 2012 - 14:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում տրվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մեկնարկը

Այսօր տրվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մեկնարկը: Ծրագրի շինարարության բացման արարողության ժամանակ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը կարևորեց այս ճանապարհի շինարարությունը, որը Մեղրին` ՀՀ հարավային դարպասը, կկապի Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ, թույլ կտա ՀՀ-ին դառնալ տարանցիկ երկիր:

«Սա կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը»,- ասաց Ա. Հովսեփյանը:

Ծրագրի բացման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, շինարարություն իրականացնող` իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության նախագահ Ֆրանիսկո Գարսիան:

Իր հերթին ՏԿ նախարար Գ. Բեգլարյանը նշեց, որ այսօր շատ կարևոր օր է, քանի որ իրականացվող ծրագիրը ՀՀ-ում իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է և ունի տնտեսական և պետական մեծ նշանակություն:

«Այս ծրագրով ստեղծվելու է 1000-ից ավելի աշխատատեղ»,- ասաց նախարարը` տեղեկացնելով, որ շինարարության ընթացքում օգտագործվելու է միայն հայկական հումք, իսկ դրսից բերվել է նոր տեխնիկա, որը Հայաստանում մինչ այդ չկար:

Ծրագրի իրականացման համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2009-ին կնքվել է շրջանակային ֆինանսվարորման համաձայնգիր, որով նախատեսվում է 962 մլն դոլարի ֆինասվաորում, որից Ասիական զարգացման բանկի մասը կազմում է 500 մլն դոլար:

Այսօր ազդարարված շինարարական աշխատանքները նախատեսում են նաև Երևան-Արտաշատ շուրջ 20 կմ հատվածի լայնացում, ինչպես նաև ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում` բետոնայինով:

Հավելենք, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարական աշխատանքները իրականացնելու է իսպանական «Izolux Corsan» ընկերությունը: Այսօր ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիան, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ միասին մասնակցեցին Աշտարակում «Izolux Corsan» ընկերության գլխամասային գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը:

Գարսիան անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը` նշեց, որ իրենք ծանոթ են տարածաշրջանային կլիմային և գիտեն, ինչ դժվարությունների կարող են հանդիպել շինարարության ընթացքում.«Մենք ամբողջովին պատրաստ ենք իրականացնել այդ ծրագիրը»:

ՖՈՏՈՇԱՐՔ