24 սեպտեմբերի 2012 - 18:14 AMT
Բարեկարգվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատը

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը բացեց Ստեփանակերտի տուն-ինտերնատի հիմնանորոգված և կահավորված երկրորդ մասնաշենքը:

Ինչպես հայտնում է ՀԵՀ լրատվական ծառայությունը, բացմանը ներկա են էին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և այլք :

Հիմնանորոգվել եւ կահավորվել են երկրորդ մասնաշենքի 17 սենյակներ: Կից կառուցվել են կաթսայատուն, խոհանոց, ավտոտնակ: Վերահատակագծման արդյունքում ինտերնատն այսօր ունի նաեւ հարմարավետ ճաշարան: Բակի կանաչ հատվածում կառուցվել է շվաքարան, լայնացվել են ճեմուղիները, իսկ տարածքը լուսավորվել է եւ ցանկապատվել: Նոր տեղադրված ոռոգման համակարգն էլ կապահովի տարածքի մշտական խնամքը : Առաջին մասնաշենքի եւ դահլիճի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել գարնանը:

Ներկայումս հաստատությունում մշտապես բնակվում է 80 մարդ, շուրջ 150 հոգի էլ հաստատության անձնակազմի կողմից խնամք է ստանում տնային պայմաններում: