«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անհիմն է համարում իր պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի հասցեին մեղադրանքները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության ավարտված նիստի արդյունքները:
«Այն, ինչ ներկայացվել է մեզ` պատգամավորներիս, մենք համարում ենք անհիմն: Փոխարենը, ԱԺ 131 պատգամավորներին կբաժանենք մեր փաստարկները: Իսկ մեր գործողությունների մասին հանրությանը կտեղեկացվի և կհայտարարվի ԱԺ լիագումար նիստում քննարկումից հետո»,- հաղորդել է նա:
Մամլո քարտուղարը նաև հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ ԲՀԿ պատգամավորներն այսօր ներկա չեն եղել 2011-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների ներկայացմանը:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» միջոցով փողերի լվացման գործի առնչությամբ: