Վաղը՝ սեպտեմբերի 29-ին, Էրեբունի արգելոց-թանգարանը հանրությանը կներկայանա առաջին անգամ ցուցադրվող 150-ից ավելի ցուցանմուշներով:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. սեպտեմբերի 29-ին Եվրոպական ժառանգության օրերին կմիանա «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով՝ ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը՝ հայտնաբերումից մինչ օրս:
Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում այցելուին կներկայացվեն 50-ականներին և այսօր հայտնաբերված շուրջ 155 գտածոներ, որնցից 153-ը ցուցադրվում են բացառապես առաջին անգամ:
Ցուցահանդեսն ուղեկցվում է տասը թեմատիկ եռալեզու պաստառներով, որոնք պատմում են Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում Էրեբունի ամրոցի կարևորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի, ինչպես նաև հուշարձանի ուսումնասիրման բարդությունների մասին:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» թանգարանում, 2012թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին (ք. Երևան, Էրեբունի փող. 38): Այն կգործի մինչև 2012թ. նոյեմբերի 29-ը: