31 մարտի 2005 - 10:28 AMT
ԻՐԱՔՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ՌՈՒՄԻՆԱՑԻ ԵՐԵՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅ Է
Մարտի 28-ին Իրաքում առեւանգված ռումինացի երեք լրագրողներից մեկը «Romania Libera» թերթի 36-ամյա թղթակից Էդուարդ Օվիդիու Օհանեսյանը ծագումով հայ է, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Մյուս երկու լրագրողներն են «Prima TV» հեռուստատեսության թղթակից 32-ամյա Մարի-Ժանե Իոնը եւ օպերատոր Սորին Դումիտրու Միսկոչը (30 տարեկան): Առեւանգումը տեղի է ունեցել Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի Իրաքում գտնվող ռումինական զինծառայողներին այցելության հաջորդ օրը: Առեւանգումից հետո լրագրողներին հաջողվել է կապվել հեռուստաալիքի հետ եւ հայտնել պատահածի մասին: Տրայան Բասեսկուն հայտարարել է, որ Ռումինիան կանի ամեն բան լրագրողներին ողջ եւ առողջ հայրենիք վերադարձնելու համար: Առեւանգողներն առայժմ որեւէ պահանջ չեն ներկայացրել գերիներին ազատելու համար: