Մաշտոցի պողոտայում «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում ժամը 14:00-ից ցուցադրվում են պատմական և ռետրո ավտոմեքենաներ: Ցուցադրության կազմակերպիչը Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Փիլթոյանը նշեց, որ ցուցադրությանը մասնակցող բոլոր ավտոմեքենաների սեփականատերերը Ավտոմոբիլային ֆեդերացիայի ակումբի անդամներ են: «Քաղաքապետարանի պատվերով մոտ 30 ավտոմեքենա ենք ներկայացրել ցուցադրության: Ընդ որում ամենահին ավտոմեքենան 1937թ. BMW մակնիշի ավտոմեքենան է և 1937թ. Hudson Terraplane մոդելի ավտոմեքենան, իսկ համեմատաբար նոր են 1960-70-ական թվականներին արտադրված ԳԱԶ 21 Վոլգաները»,- ասաց նա:
Մասնակիցներից մեկը` Սմբատ Բալասանյանը, ցուցադրում է 1937թ. Hudson Terraplane մոդելի ավտոմեքենան, որը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պատկանել է Բեռլինում ԱՄՆ դեսպանին: «1945 թվականին, երբ 89-րդ (Թամանյան) դիվիզիան առաջինը մտավ Բեռլին, Բեռլինի գրավումից հետո դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանն այդ ավտոմեքենան բերեց Հայաստան: Նրա մահից հետո ավտոմեքենան ձեռքից ձեռք անցավ և արդյունքում մոտ 15 տարի առաջ ինձ մոտ հայտնվեց կիսախարխուլ վիճակում: Ես մասնագիտությամբ դեղագործ եմ, բայց մեծ սիրով վերականգնեցի այդ ավտոմեքենան և այժմ պարբերաբար այսպիսի ցուցադրությունների եմ մասնակցում»,- պատմեց նա:
Ցուցադրությունը կտևի մինչև ժամը 18:00-ը: