12 ապրիլի 2005 - 07:53 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ
Նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերին Չայլու բնակավայրում անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը /Չեխիա/ եւ Օլեքսանդր Սամարսկին /Ուկրաինա/: Ադրբեջանական կողմից դիտարկման խումբը ղեկավարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ առաքելությանն ուղեկցող ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները ադրբեջանական կողմից արձանագրել են կրակոցներ, որոնք հնչել են Վերին Չայլուի հյուսիսային կողմից: Դիտարկումը շարունակվել է կողմերից լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստացվելուց հետո եւ անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան: