Ռոտտերդամի Kusthal գեղարվեստի թանգարանից հոկտեմբերի 16-ին գողացված կտավների թվում Պիկասոյի, Մատիսի, Մոնեի և Գոգենի աշխատանքներ կան: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ կտավները գողացվել են երկուշաբթի կամ երեքշաբթի վաղ առավոտյան: Կողոպուտի քննություն է սկսվել, և ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես են հանցագործները խուժել թանգարան, որ ժամին և ովքեր են նրանք: Ոստիկանությունը տեղեկացրել է նաև, որ գողացված կտավներից մեկը Պաբլո Պիկասոյի վրձնին է պատկանում, մեկը` Անրի Մատիսի («Ընթերցող աղջիկը»), իսկ երկուսը` Կլոդ Մոնեի:
Հոկտեմբերի 7-ին Kusthal-ում, որը չունի հիմնական ցուցադրություն, թանգարանի 20-ամյակի առթիվ բացվել է Triton Foundation մասնավոր հավաքածուի ավանգարդ աշխատանքների ցուցահանդեսը: Ընդ որում հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում ամբողջությամբ և ընդգրկում է շուրջ 150 հանրահայտ հեղինակների աշխատանքներ, այդ թվում, բացի վերոնշյալներից, Պոլ Սեզան, Սալվադոր Դալի, Ռոյ Լիխտենշտեյն և Էնդի Ուորհոլ: Ցուցահանդեսը տևելու է մինչև 2013թ. հունվարի 13-ը:
Թանգարանի տնօրեն Ուիլեմ վան Հասելը տեղեկացրել է, որ թանգարանը երեքշաբթի օրը փակ կլինի:
Ավելի վաղ Agence France-Presse-ը հաղորդել էր, որ թանգարանից մի քանի թանկարժեք նկար է գողացվել, սակայն, ըստ Dutch News պորտալի, թանգարանի աշխատակիցներին չէր թույլատրվում հրապարակել հանցագործության մանրամասները: Դրա հետ մեկտեղ Twitter-ում գրառում էր հայտնվել, որ մի քանի նկար ուղղակի պոկել են պատից: