19 հոկտեմբերի 2012 - 13:08 AMT
Աթենքում նշել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակը

Հոկտեմբերի 17-ին Աթենքի «Լեդրա Մարիոթ» հյուրանոցի սրահում Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված հանդիսությունը` կազմակերպված հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի կողմից:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, որն իր ելույթում ընդգծեց հիմնադրամի ստեղծման եւ գործունեության բացառիկ կարեւորությունը Հայաստանի, Արցախի ու համայն հայության համար:

Հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը ներկայացրեց հիմնադրամի անցած ուղին, մասնավորապես` Հունաստանի մասնաճյուղի կողմից իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Հունահայ համայնքի 10 նշանավոր բարերարներին հանձնվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի պարգեւները: Ներկաներին ցուցադրվեց 2 տեսահոլովակ հիմնադրամի մասին: Հավաքվածների առջև ելույթ ունեցավ հայտնի կիթառահար Հակոբ Քոլանյանը: