19 հոկտեմբերի 2012 - 14:30 AMT
Հայաստանում ուղևորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար դիմել են «Հյունդայի» ընկերությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հյունդայի» ընկերության ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով Երևանի տրանսպորտի զարգացման հայեցակարգի ընդհանուր ուղղությունները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ներկայում շարունակվում է միկրոավտոբուսները մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելու գործընթացը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այժմ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Ուղևորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ դիմել են «Հյունդայի» ընկերությանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար և կարևոր է, որպեսզի դրանք ժամանակացույցի համաձայն ներկրվեն Երևան և հանձնվեն շահագործման»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ հաջող համագործակցությունը կնպաստի, որպեսզի հետագայում ևս ծավալվի փոխշահավետ և արդյունավետ գործակցություն:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` «Հյունդայի» ընկերությանը ԱՊՀ և Կենտրոնական Եվրոպայի մասով տնօրենի օգնական Ռոյ Կվոնը վստահեցրել է, որ ընկերության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ` պայմանավորվածության համաձայն առաքումը ապահովելու համար:

«Երևանը մեզ համար լավ գործընկեր է և մենք հույս ունենք զարգացնելու հարաբերությունները` շարունակելով փոխգործակցության ծրագրերը»,-ընդգծել է Ռոյ Կվոնը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է նաև Երևանում ստեղծել Հյունդայի ավտոբուսների վերանորոգման և սպասարկաման բազա: