Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին:
Միջոցառումից առաջ ելույթ է ունեցել և աշխարհի տարբեր երկրներից ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 պատվիրակներին, նվիրատուներին ու հյուրերին ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայրենիքում և Սփյուռքում Միության ազգանպաստ գործունեությանը, հաջողություն, ուժ և եռանդ մաղթել Միության բոլոր անդամներին՝ հայրենիքի հզորացման պատվաբեր գործում, ինչպես նաև Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքում:
«Բարձր եմ գնահատում Հայրենիքի հանդեպ կառույցի անդամների նվիրումն ու աջակցությունը, ինչպես նաև հայրենիքում և սփյուռքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությունը: Հայկական բարեգործական ընդհանուր միության հայապահպանությանն ուղղված ավելի քան մեկդարյա գործունեության աշխարհագրության ընդլայնումը` կրթական, մշակութային, սոցիալական, եկեղեցաշինական, մարդասիրական և այլ ոլորտներում, ունի նաև բարոյական նշանակություն` ապագա սերունդների համար հոգևոր ժառանգության պահպանման, հայրենիքի հանդեպ սիրո, նվիրումի և պատասխանատվության զգացում սերմանելու իմաստով», - նշել է նախագահն իր ելույթում: