ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով Պրահայում է: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով երեկ ժամանել է Պրահա:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Արթուր Գևորգյանը:
Պատվիարկությոնը Կարլովիվարյան երկրամասում հանդիպել է Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի և նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ: Հանդիպուներին քննարկել են երկկողմ կապերի զարգացմանը և միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարլովի Վարիի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը առաջարկել է գործընկերային հարաբերություններ հաստատել Ջերմուկ և Կարլովի Վարի քաղաքների միջև կամ քույր քաղաքներ հռչակել, քանի որ երկու առողջարանային քաղաքներն էլ հայտնի են իրենց բուժիչ հանքային ջրերով և ունեն որոշ ընդհանրություններ:
Նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ աշխատանքային ճաշի ժամանակ կողմերը կարևորել են տարածաշրջանների միջև համագործակցությունը, որպես երկու երկրների հարաբերությունների էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված կարևոր գործոն:
Հոկտեմբերի 30-ին նախատեսված են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: