5 նոյեմբերի 2012 - 17:54 AMT
«Փուչիկների» գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը վատացել է

«Փուչիկների» գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը երեկ վատացել է : Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը: Ըստ Մանուչարյանի՝ նրա մոտ արյունահոսություն է սկսվել, ինչից հետո նրա կինը շտապօգնություն է կանչել: Կարեն Մանուչարյաը Բոզոյանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չգիտեր: Պաշտպանը ասաց նաև, որ առայժմ տեղյակ չէ, թե որ բուժհաստատությունում է նա:

Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով միակ մեղադրյալն էր :Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 1 տարվա ազատազրկման:

Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, կփոխվի, երբ դատարանի վճիռը մտնի ուժի մեջ, այսինքն` հրապարակումից մեկ ամիս անց: Ժամկետը կավարտվի նոյեմբերի 17-ին: