ՀՀ մարզերից Երևան բերված բոլոր հուշարձանները վերականգնվելու են, մաքրվելու են, ամրակայվելու են և իրենց տեղն են վերադարձվելու: Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անյելկա Գրիգորյանը:
Օրերս մամուլում և սոցիալական ցանցերում աղմուկ էր տարածվել, որ մարզերից հուշարձաններ են բերվում, Երևանի թանգարանում պահելու համար, տեղահանվում են գերեզմանաքարեր և քրիստոնեական կոթողներ:
Անյելկա Գրիգորյանն ասաց, որ բերվել են առավել վտանգված հուշարձանները, որոնք տուժել են ժամանակից և մարդկային գործոնից:
Թանգարանը նախապես ցուցակագրել է առավել վտանգված կոթողները, ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարություն, և 63 հուշարձաններից 31-ը տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարանի բակ:
Հուշարձանների ամրակայումը տեղում, ըստ տնօրենի, հնարավոր չէ, քանի որ անհարժեշտ են համապատասխան պայմաններ:
Նմուշները վերականգնելուց հետո, 2013 թ-ի հունվարի վերջին կբացվի վերականգնված հուշարձանների ցուցահանդեսը: Այն կրելու է «Քարերը ժողովելու ժամանակը» խորագիրը: