«4 ամիս է եկել եմ, եղբորս հետ եմ մնում, ընտանիքիս մյուս անդամները վերադարձել են Սիրիա, քանի որ աշխատանք չկարողացան գտնել», - այսօր աշխատանք փնտրող սիրիահայերի և գործատուների հանդիպման ժամանակ PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմեց Մարի Ռոզ Քեշիշյանը: Նա համապատասխան կրթություն ունի և բանկային համակարգում է աշխատանք փնտրում, այսօրվա առաջարկների մեջ իրեն հարմար մեկը գտել է:
Մարի Ռոզը բողոքեց, որ բարեգործական կազմակերպություններն ինչքան էլ հայտարարում են, թե բոլոր սիրիահայերին են աջակցում, իրենց չեն օգնում, ասում են կարիք չունեք: «Եթե կարիք չունենամ, ինչու պիտի խնդրեմ», - ասաց Մարի Ռոզը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` սիրիահայերը սովոր են բարձր վարձատրվող աշխատանքի, ինքնուրույն գործ ունենալու:
«Մենք ողջունում ենք ձեր ձգտումները, բայց գոնե սկզբնական շրջանում մի տեղ աշխատել պետք է` օրվա հացի փողի համար», - ասաց նախարարը:
Աշխատանք փնտրող սիրիահայերին գործատուների առաջարկներով և տվյալներով ցուցակ բաժանեցին: Ըստ այդ ցուցակի` նրանց առաջարկվում է անվտանգության աշխատակցի, մետաղագործի, փայտամշակողի, մեքենա վերանորոգողի և այլ աշխատանքներ: Նաև ճաշարան, արտադրամաս աշխատեցնելու առաջարկներ կան: